Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում գրավել Բեռլինը

Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում գրավել Բեռլինը
02.03.2015 | 18:16

Իսկապես՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ինչի՞ն է պետք Բեռլինը, Հալեպը լիներ՝ հասկանալի էր՝ հայրենիք է, բայց Բեռլինն ինչի՞ն է պետք: Սերժ Սարգսյանի բլիցկրիգի դափնինե՞րը հանգիստ չեն տալիս, իսկապե՞ս պարապ է մնացել, թե՞ Բեռլինը հայ քաղաքական ասպարեզում ունի նշանակություն, որ միայն իրեն է հայտնի: Եթե «Բեռլին» ասելիս նա ընդդիմադիր դաշտը նկատի ուներ, ինչո՞ւ այդքան հեզաճկուն շրջանցեց քաղաքական դաշտի «բուռն իրադարձությունները» և հավարտ այդ իրադարձությունների՝ ՀԱԿ-ի անելիքները: Նշանակո՞ւմ է, որ

«երկար մտորումների և հիմնավոր վերլուծության» հետևանքով ի հայտ կգա նոր քաղաքագիտական վերլուծություն: Կարող էր, չէ՞, նա բացեիբաց հայտարարել, որ ով ուր գնա-չգնա, ՀԱԿ-ը գնալու է ավազակապետության կազմաքանդման ճանապարհով, իսկ նա չցանացավ « հապշտապ դատողություններ անել և ոտքի վրա որոշումներ կայացնել»: Ի՞նչ քաղաքական ռեսուրսներ է հաշվարկելու ու ի՞նչ մարտավարություն է մշակելու նա, իր կարծիքով, ընդդիմադիր դաշտում միայնակ մնացած ՀԱԿ-ի համար: Համարյա ոչ մի: Փաստացի՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նորից դադար վերցրեց, ոչ այնքան ժամանակային, որքան՝ քաղաքական: Դադար, երբ ինքն անելիք չունի, անելիք ունեն ՀՀԿ-ն ու Պուտինը: Դադար, որի ընթացքում պիտի պարզաբանվի` ի՞նչ կարգավիճակով է քաղաքական դաշտ վերադառնում ԲՀԿ-ն, ավելի ստույգ՝ ՀՀԿ-ն ի՞նչ կարգավիճակով է ԲՀԿ-ին քաղաքական դաշտ վերադարձնում իբրև այլևս «մաքուր» ուժ: Կոալիցիայի մասին խոսակցությունները վաղ են, կոալիցիաները կազմվում են ընտրություններից հետո: Գործող կառավարության որևէ անդամի փոխարեն ԲՀԿ-ական նախարարի նշանակումը նույնքան աբսուրդ է, որքան աբսուրդ է, որ ՀՀԿ-ն պիտի կամավոր կիսի իշխանությունը ուրիշ ուժի հետ: Ինչո՞ւ: Ի՞նչ է փոխվել: Եթե ոչ կոալիցիա, ուրեմն՝ ԲՀԿ-ին կմնա խորհրդարանում կազմակերպված ընդդիմության դերը: Ելույթներ կունենան, կքննադատեն, կառաջարկեն, օրինագծեր կներկայացնեն՝ սովորական օրենսդիր աշխատանք, ուրիշ ոչինչ: Ընդդիմադիր իմիջի ապահովման համար գուցե նաև շարունակեն դեմ մնալ խորհրդարանական կառավարման մոդելին: Կոնսոլիդացիան՝ կոնսոլիդացիա, բայց սահմանադրական բարեփոխումներ առաջարկող Սերժ Սարգսյանին պետք է նաև լեգիտիմ հանրաքվե, քաղաքական պայքար, նրան ոչինչ չի տա ևս մի կուսակցության համաձայնությունը, որը թիկունքում այլևս փոշիացած քաղաքական կապիտալ ունի: Իսկ դեմ մնալը ԲՀԿ-ին քաղաքական դեմքի պահպանության հնարավորություն կտա գոնե այս հարցում: ՀՀԿ-ի համար առավել կարևոր է, որ ԲՀԿ-ն նորից չփորձի սեփական, սեպարատ, չհամաձայնեցված բանակցությունների մեջ մտնել ռուսական քաղաքական էլիտայի որևէ ուժի ու ներկայացուցչի հետ և դադարի Մոսկվայի ձեռքում հակաիշխանական դագանակ լինել: Մնացած հարցերում համաձայնությունը որևէ խնդիր չի ներկայացնում:
Հենց այդ դագանակի դերին է ուզում հարմարվել ՀԱԿ-ը, այլապես Լևոն Տեր-Պետրոսյանն այդքան դառնացած չէր լինի, որ ոմանք կրծքի տակ կրում են «Պուտինի հրաժարականի պահանջը»: Պարզ է, որ հանուն «ոմանց» ՌԴ նախագահը հրաժարական չի տա, բայց կարող է գնահատել իր քաղաքական կարիերայի ապահովության մասին երկրից երկիր մտածողին, առավել ևս, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով ԲՀԿ-ին փոխարինել է պետք մոսկովյան չբարձրաձայնվող ծրագրերը Հայաստանում շարունակելու համար: Նշանակո՞ւմ է դա, որ Կրեմլի հետ գործող «խորհրդապահական խողովակները» վատ են գործում կամ նրան չեն բավարարում: Պատահական չէ, որ նա շեշտում է, որ ինքը թուրքամետ չէ, բայց չի ասում, որ ռուսամետ չէ կամ արևմտամետ է, ավելին՝ նույնիսկ չի ասում, որ ինքը հայամետ է: Գործնականում նա պարզապես հանրահավաքում հրապարակում է իր բաց նամակը և հիմա էլ ՌԴ իշխանություններին է առաջարկում իրեն «գործիք» դարձնել՝ ինչպես ժամանակին առաջարկում էր հանրահավաքում: Առավել կոնկրետության համար բացահայտում է « միասնական ընդդիմության կոդավորած ստրատեգիական պլանը», որն իրականում գոյություն չունի, որովհետև գոյություն չունի միասնական ընդդիմություն, որ ունենա կամ չունենա «կոդավորած ստրատեգիական պլան»: Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում գոյություն չունեցածի մասին: Որովհետև ուզում է ընդգծել, որ եթե անտեսեն իր գործոնը, այդ ընդդիմությունը կարող է ռեալություն դառնալ: Կա շատ ավելի պարզ ու երրորդ տարբերակը՝ եթե «խորհրդապահական խողովակը» չգործի ոչ Սերժ Սարգսյանի հետ, ոչ Կրեմլյան կուլիսներում, կմնա «քաղաքական երկխոսությունը» իշխանության հետ, որը նախորդ երկխոսության փորձով նշանակում է խմբակցություն խորհրդարանում և ներկայություն քաղաքական դաշտում: Դա նվազագույն պրագմատիկ արդյունքն է, որին ՀԱԿ-ը ստեղծված պայմաններում կարող է հավակնել՝ իր հպարտ միայնության մեջ և քաղաքական դաշտում կոնկրետ անելիք չունենալու պարագայում: Սեփականաշնորհումը պատահաբար չի հիշեցվել, առաջին նախագահը ուզում է իրավակարգ դարձնել միակ ընդդիմադիրի հավակնությունները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սա է այն «Բեռլինը», որը Լևոն Տեր-Պետրոսյանը վախենում է, որ իրենից առաջ կգրավեն: ՈՒ եթե ռուսական դաշտում գործող ու ինքնահաստատվել փորձող մյուս ընդդիմադիրները նրա համար իրական վտանգ չեն ներկայացնում, վտանգը ԵԱՏՄ-ին անդամակցությանը դեմ քաղաքական ուժերն են, որ արևմտյան աջակցության դեպքում կարող են մրցակից դառնալ թե խորհրդարանական, թե նախագահական հավակնություններին: Եվ՝ շատ ավելի լայն շրջագծով, քան պատկերացնում է անգամ նա, հիշատակելով միայն «Դավալուն»՝ իմա « Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին: Ռեալ վտանգը ոչ ռուսական դաշտում է, բայց դա վտանգ է միայն այդ դաշտում խաղացողների համար, իսկ Հայաստանի քաղաքական դաշտի համար հավասարակշռությունը վերականգնելու շանս է, որը միայն կամրացնի պետականությունը և պետության ինքնիշխանությունը:

Դիտվել է՝ 1786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ